Լուրեր

ՄԱԿ Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հետ

22.07.2019

 

Հուլիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի (Michelle Bachelet) հետ։

Զրուցակիցներն անդրադարձան վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի միջև կայացած հանդիպմանը, քննարկեցին հանդիպման ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։ 

Դեսպան Հովհաննիսյանը բարձր գնահատեց ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԻԳՀԳ) հետ համագործակցությունը և Միշել Բաչելետին ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ու Միշել Բաչելետը մտքեր փոխանակեցին Հայաստանի և ՄԻԳՀԳ փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Գերագույն հանձնակատար Բաչելետը կարևորեց Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներին՝ առանձնահատուկ նշելով ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգի շրջանակներում Հայաստանի կողմից կյանքի կոչված նախաձեռնությունները։ 

Հանդիպման ավարտին դեսպան Հովհաննիսյանը Միշել Բաչելետին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և Հայաստանի ջանքերը խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։