• English
  • Հայերեն
  • Français
ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական Ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Կոնտակտային տվյալներ
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Հայաստան - ՄԱԿ
  • Լուրեր
  • Օգտակար հղումներ

Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի ընդունումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում

22 մարտի, 2013

 

2013 թվականի մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”):

Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձևերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված, 1999 և 2001 թ.թ.` Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին բանաձևերը: 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևը: Նշված բոլոր բանաձևերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը:

Հայաստանի կողմից առաջարկվող բանաձևերը նպատակ ունեին համաշխարհային հասարակության մշտական ուշադրության կենտրոնում պահել Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիան, դրան առնչվող այլ փաստաթղթերը և դրանց կիրառման հետ կապված խնդիրները` նպատակ ունենալով ընդգծել ցեղասպանության հանցագործության վերացմանն ուղղված` պետությունների համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Բանաձևի նախագծի նախապատրաստումը ընթացել է բազմաթիվ բուռն աշխատանքային քննարկումներով, երկկողմ և բազմակող հանդիպումների շրջանակներում, որոնց արդյունքում ՀՀ պատվիրակությանը հաջողվեց հասնել կոնսենսուսային տեքստի շուրջ համաձայնության:

Այսօր ընդունված բանաձևի տեքստում արտացոլվում են այն բոլոր հիմնական զարգացումները, որոնք տեղի են ունեցել աշխարհում ցեղասպանության կանխարգելման համատեքստում: Նախագծում առաջին անգամ անդրադարձ է կատարվում ցեղասպանության կանխարգելման հարցում ճշմարտության իրավունքի վերաբերյալ զարգացումներին` կարևորելով ճշմարտության խրախուսումը ցեղասպանության կանխարգելման առումով և քաջալերելով պետություններին համագործակցել ճշմարտության, արդարադատության, վերականգնման և չկրկնման երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ: Բանաձևի նախագծում վերահաստատվում է Համընդհանուր Պարբերական Դիտարկման մեխանիզմների կարևորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի և նախագծերի իրականացմանը, կառավարությունների և ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների կողմից տեխնիկական աջակցությանը:

Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձևի նախագիծը հրավիրում է կառավարություններին սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր` որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն:

Բանաձևի ընդունումը նաև խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Ընդունված բանաձևի համաձայն 2014 թ. ՄԻԽ 25-րդ նստաշրջանի ընթացքում կազմակերպվելու է բարձաստիճան քննարկում` պետությունների, ՄԱԿ համապատասխան կառույցների և այլ շահագրգիռ մարմինների մասնակցությամբ:

ՀՀ ներկայացուցիչը բանաձևը ներկայացնելու իր ելույթում նշեց, որ ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի հարգանքի տուրք է և չկրկնման երաշխիք: Բանաձևը մեր բոլորի ընդհանուր ներդրումն է այդ նպատակին հասնելու համար և անցյալից քաղած դասերի հիման վրա անվտանգ ապագա կառուցելու մեր կոլլեկտիվ հանձնառության ապացույցը: Չի կարող լինել ցեղասպանության զոհ մեկ ժողովուրդ, ազգ կամ խումբ` եթե կատարվում է ցեղասպանություն, ապա մենք բոլորս ենք զոհ, քանի որ դա մարդկության դեմ կատարված հանցագործություն է: Այնպես ինչպես չի կարող լինել ցեղասպանության համար մեղավոր կամ պատասխանատու մի կառավարություն կամ որևէ մեկ անձ, մենք բոլորս ենք կիսում  պատասխանատվությունը` կանխելու պատասխանատվությունը, պաշտպանելու պատասխանատվությունը:

Բանաձևը լայն աջակցություն ստացավ, դրան համահեղինակեցին ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող 52[1] պետություն: Բանաձևը համահեղինակելու համար բաց կմնա դեռևս երկու շաբաթ: 

 



[1] Հայաստան, Անդորրա, Արգենտինա, Ավստրիա, Ավստրալիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Եգիպտոս, Էկվադոր, Էստոնիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լիխտենշտեյն, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Լեհաստան, Խորվաթիա, Կամբոջա, Կոստա – Ռիկա, Կիպրոս, Կոնգո, Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն, Հարավային Սուդան, Հոնդուրաս, Հունաստան, Հունգարիա, Մեքսիկա, Մոնտենեգրո, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Նորվեգիա, Շվեյցարիա, Չիլի, Չեխիայի Հանրապետություն, Պանամա, Պերու, Պորտուգալիա, Ռումինիա, Ռուանդա, Սան Մարինո, Սլովենիա, Սլովակիա, Վրաստան, Ուրուգվայ, Քենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա

 

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Address: 16 Parc du Château-Banquet
1202 Geneva, Switzerland
Tel: +41 (0) 22 320 11 00

ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Մշտական ներկայացուցչություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: